Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հայկական գրքերի ցուցահանդես՝ Վենետիկում

02.03.2011, 17:02
Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հայկական գրքերի ցուցահանդես՝ Վենետիկում

Հայալեզու գրքի հրատարակման 500-ամյակի առթիվ Սան Մարկո հրապարակի մի շարք հռչակավոր  վենետիկյան թանգարաններում 2012թ.-ին  հայկական գրքերի ցուցահանդես կանցկացվի, հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարության կայքում:

Փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկության (ՎՔԹՀ) նախագահ Վալտեր Հարցարիչի միջև ստորագրվեց Վենետիկում առաջին հայալեզու գրքի հրատարակման 500-ամյակի առթիվ Սան Մարկո հրապարակի հռչակավոր թանգարաններում ցուցահանդես կազմակերպելու մասին համաձայնագիրը:

Կողմերը մեծ գոհունակություն հայտնեցին այս կարևոր իրադարձության սկիզբը դնելու առիթով և պարտավորվեցին լավագույնս կազմակերպել հայ գրատպության 500-ամյակը խորհրդանշող ցուցահանդեսը, որը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների բարձր հովանու ներքո:
Հանդիպման ավարտին ստորագրվեց ևս մեկ համաձայնագիր` համաձայն որի Եվրոպայի գրադարանային այդ ամենահին կառույցը կհյուրընկալի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բաժիններից մեկը:

Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք»-ը: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի համար: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:-0-