ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բեմի գերաստղ, ֆրանսալեզու երգչուհի Լարա Ֆաբիանը (Lara Fabian) կմասնակցի «Տաշիր-2011» համահայկական հինգերորդ մրցանակաբաշխության արարողությանը, հայտնեց «Tashir Media»-ի գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը։
«Տաշիր 2011» համահայկական ազգային ամենամյա հինգերորդ մրցանակաբաշխությունը կանցկացվի ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում։
«Երկարատև բանակցությունների արդյունքում մեզ հաջողվել է ստանալ Լարա Ֆաբիանի մասնակցության համաձայնությունը»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաղաթելյանը։
Ըստ նրա, «Տաշիր-2011» համերգին նաև կմասնակցեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են հայտնի իտալացի երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունյոն (Toto Cutugno), ինչպես նաև համաշխարհային իսպանացի կիթառահար և կոմպոզիտոր Մանոլո Սանլուկարը (Manolo Sanlúcar)՝ Gipsygitanes Gipsy Kings խմբի հետ։ -0-