Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բացվել է հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

15.01.2008, 13:15
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բացվել է հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

Նախօրեին Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի դահլիճներից մեկում բացվել է «Հայաստանը լուսանկարիչների աչքերով» հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված են Մարտին Շահբազյանի, Հակոբ Բերբերյանի, Ռուբեն Մանգասարյանի, Հրայր Բազեի, Զավեն Սարսգյանի, Գերման Ավագյանի, Կարեն Միրզոյանի, Նազիմ Արմենակյանի, Ֆելիքս Առուստամյանի, Կարեն Մինասյանի, Հայկ Բիանջյանի, Ալեքսանդր Խաչունցի, Սուրեն Հովսեփյանի աշխատանքները։

Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 60 լուսանկար, որոնք արտացոլում են անկախության տարիների ընթացքում Հայաստանի պատմամշակութային կոթողները և տեսարժան վայրերը, այդ թվում նաև Սպիտակի երկրաշարժը, Ղարաբաղյան շարժումը, ինչպես նաև երկրի առօրյա կյանքը ներկայացնող նկարներ։

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, բրիտանացի հյուրեր։

Ցուցահանդեսը կտևի մինչև հունվարի 17-ը։

«Հայաստանը լուսանկարիչների աչքերով» հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպիչներն են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը և Մեծ Բրիտանիայի հայերի բազմակուսակցական խորհրդարանական խումբը։-0-