Երևանում բացվել է սրբանկարչության դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը

05.12.2007, 17:21
Երևանում բացվել է սրբանկարչության դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում բացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմին կից գործող «Հովհաննես Կոզերն» կրթամշակութային կենտրոնի սրբանկարչության դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը։

Ինչպես ցուցահանդեսի բացման արարողությանը տեղեկացրեց դպրոցի հիմնադիր, Հայաստանի նկարիչների միության անդամ Աբրահամ Ազարյանը, ցուցադրվում են տարբեր տարիքային խմբերի սաների մոտ 100 աշխատանքներ։

«Կարճ ժամանակամիջոցում մեր աշակերտներն արդեն հասցրել են հատուկ ուշադրության արժանանալ։ Մեր սաների սրբապատկերները ցուցադրվել են ոչ միայն Հայաստանում, այլև Դանիայում, իսկ վերջերս մենք հրավեր ենք ստացել Գերմանիայից»,- ասաց նա։

Ազարյանի խոսքով, վերջին ժամանակներս Եվրոպայում նկատվում է սիմվոլիզմին վերադառնալու միտում, այդ թվում՝ սրբանկարչությանը։ «Նմանատիպ կրթական հաստատություն ստեղելու նպատակներից մեկն է սրբանկարչության ազգային դպրոցի վերածնունդը»,- ավելացրեց նա։

Նրա կարծիքով, հայկական եկեղեցիները պետք է զարդարվեն անմիջապես հայ նկարիչների աշխատանքով։ Այս համատեքստում Ազարյանը նշեց, որ դպրոցի սաներն արդեն մի շարք սրբապատկերներ ստեղծելու պատվեր են ստացել։

«Ցուցահանդեսում ներկայացված Գրիգոր Լուսավորչի սրբապատկերը ցուցահանդեսի ավարտից հետո տեղադրվելու է հայկական եկեղեցիներից մեկում»,- ավելացրեց Ազարյանը։

Սրբանկարչության դպրոցը հիմնադրվել է 2000 թվականին։ Վերջին յոթը տարիների ընթացքում նրա պատերից դուրս են եկել ավելի քան 50 աշակերտներ։ Շրջանավարտներից մի քանիսն արդեն դարձել են սրբանկարչության լուրջ հետևորդներ։ --0—