Զոհրաբյանը և Սոթքի գյուղապետը հայտնել են ոսկու հանքավայր ադրբեջանցիների ներթափանցման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից կադրեր ցուցադրեց և մեկնաբանեց, որ ադրբեջանցի զինծառայողները Սոթքի հանքավայրի մատույցներում են։
«Քիչ առաջ Սոթքի հանքավայրի աշխատակիցներից զանգեցին ինձ և ասացին, որ այս պահին մենք սարսափի մեջ փորձում ենք իջեցնել տեխնիկան և մարդկանց անվտանգ տեղափոխել։ Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում անիշխանություն է»,- ասաց նա։
Զոհրաբյանի ցուցադրած կադրերում երևում են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք գտնվում են ձյունապատ լեռնային տարածքում։
Այսօր՝ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը Facebook-յան իր էջում հայտնել էր, որ տեղեկություն ունի այն մասին, որ 80 ադրբեջանցի զինվորներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր:
Միաժամանակ Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք։
«Ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ այս պահին կրակոցներ կամ ինչ-որ հարձակում է, եկել են, դիրքավորվել են ու պահանջել են տարածքն ազատել։ Հիմա բանակցություններ են գնում», - ասել է Ավետյանը՝ հավելելով, որ առանց ռուս խաղաղապահների իրավիճակը չի կարող լավ ավարտվել։
Ավետյանի խոսքով՝ հանքի աշխատակիցները լքում են տարածքը, սակայն որևէ մեկին որևէ վտանգ չի սպառնում։
Իշխանությունների հերքումը
ՀՀ ՊՆ–ն իր հերթին հերքեց շրջանառվող լուրերը` նշելով, որ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ևս հերքեց տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ», – ասել է նա «Արմենպրեսին»։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ժողովուրդին» հայտնել է, որ «խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված, որը հիմա եռակողմ քննարկման փուլում է, իսկ ինչ վերաբերվում է հանքի բուն տարածք նրանց մուտքին, դա իրականությանը չի համապատասխանում»։
Սոթքի հանքավայրի մոտով անցնում է Սոթք–Քարվաճառ մայրուղին, որը կապում էր Հայաստանն Արցախի հետ։ Այն նոյեմբերի 25–ից փակ է, քանի որ եռակողմ հայտարարության համաձայն` Քարվաճառն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչպես այսօր ԱԺ–ում հայտարարել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Քարվաճառի սահմանին երեկ դրված Քարվաճառի դարպասներն այսօր արդեն կոտրվել են և ադրբեջանական կողմն առաջ է գալիս։–0–