Իրինա Ալեգրովան մտադիր է տեղափոխվել Տոսկանա և զբաղվել հրուշակագործությամբ

19.01.2012, 16:50
Իրինա Ալեգրովան մտադիր է տեղափոխվել Տոսկանա և զբաղվել հրուշակագործությամբ
Իրինա Ալեգրովան մտադիր է տեղափոխվել Տոսկանա և զբաղվել հրուշակագործությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Իրիան Ալեգրովան ոչ միայն հեռանում է բեմից, ինչի մասին նա երկրպագուներին հայտնել էր դեռևս աշնանը, այլև պատրաստվում է հեռանալ հայրենիքից, հաղորդում է «Կոմերսանտ Դենգին»:

Ըստ պարբերականի՝ այժմ Ալեգրովային սպասում է միանգամից մի քանի կարևոր իրադարձություն՝ 60-ամյակի հոբելյանը, հրաժեշտի հյուրախաղերը, որոնք կմեկնարկեն մարտի 7-ին Մոսկվայում և տեղի կունենան Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև Իտալիա մեկնումը:

Երգչուհու ընկերների խոսքերով՝ նա արդեն Տոսկանայում հացաթխման գործարան է ձեռք բերել, մտադիր է լրջորեն զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ և այժմ վաճառքի է հանել անշարժ գույքը, կահույքը և նույնիսկ տնային սպասքը: Ալեգրովային գրավում է իտալական բարենպաստ կլիման, ինչպես նաև տեղի բնակիչների և պապարացիների կողմից նրա անձնական կյանքի նկատմամբ որևէ հետաքրքրության բացակայությունը:

Երգչուհու ընտրությունը պատահական չէ, գրում է պարբերականը: Նա վաղուց է զբաղվում հրուշակեղենի գործով: 1982 թ.-ին, երբ երգչուհու երաժշտական կարիերայում ընդմիջում էր, նա նույնիսկ գումար էր վաստակում՝ տանը տորթեր և կարկանդակներ պատրաստելով:

Ալեգրովան հանրաճանաչ դարձավ 80-ականների կեսերին, երբ դարձավ «Օգնի Մոսկվի» անսամբլի, իսկ հետո նաև «էլեկտրոկլուբ» խմբի մեներգչուհին, որտեղ երգում էր Իգոր Տալկովի հետ: 2010 թ.-ին երգչուհին արժանացել է «Ռուսաստանի ժողովրդական արտիստ» կոչմանը:

Իրինայի ընտանիքի անդամներն են նրա մայրը, դուստր Լալան և թոռնիկ Ալեքսանդրը:-0-