ՌԱԺԿ-ն պատրաստ է առաջադրել Ժիրինովսկուն վարչապետի պաշտոնում

05.12.2011, 19:50
ՌԱԺԿ-ն պատրաստ է առաջադրել Ժիրինովսկուն վարչապետի պաշտոնում

Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցությունը (ՌԱԺԿ) պատրաստ է առաջադրել Վլադիմիր Ժիրինովսկուն ՌԴ-ի վարչապետի պաշտոնում, եթե կուսակցությանը խնդրեն առաջարկել իրենց թեկնածությունը, հայտարարել է Պետդումայի ազատական-ժողովրդավարների խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդևը երկուշաբթի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Եթե այսօր հայտնվի վարչապետի պաշտոնի թեկնածության հաստատման հարցը և կուսակցությանն առաջարկվի առաջադրել իր թեկնածուին, մենք անպայման կանենք դա»,- ասել է նա, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:
Լեբեդևն ընդգծել է, որ արտահայտում է իր տեսակետը, որին, ըստ նրա, համաձայն կլինեն կուսակցության նաև մյուս անդամները: Ժիրինովսկու հնարավոր առաջադրման որոշումը վարչապետի պաշտոնում կընդունի կուսակցության գերագույն խորհուրդը:

Լեբեդևը նշել է, որ, ի տարբերություն մյուս բոլոր ռուսական կուսակցությունների, ՌԱԴԿ-ն միշտ բոլոր հնարավոր պաշտոններում առաջադրում է սեփական թեկնածուներին: Նա միաժամանակ զերծ է մնացել լրագրողների այն հարցի պատասխանից, թե կսատարեր, արդյո՞ք, ՌԱԴԿ-ն Դմիտրի Մեդվեդևին վարչապետի պաշտոնում, եթե այսօր առաջադրվեր նրա թեկնածությունը:

«Եդինայա Ռոսիա»-ի՝ սեպտեմբերի 24-ի համագումարում Մեդվեդևը համաձայնել է գլխավորել Պետդումայի ընտրությունների կուսակցական ցուցակը և առաջարկել է վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրվել նախագահի պաշտոնում, հայտարարելով, որ նրա հաղթանակի դեպքում, կգնա աշխատելու կառավարությունում:
ԿԸՀ-ի վերջին տվյալներով, «Եդինայա Ռոսիա»-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, կարող է հավակնել պատգամավորական 450 մանդատից 238-ին նախորդ Դումայի 315 տեղի դիմաց: ՌԴԿԿ-ն հավակնում է 92 մանդատի, «Արդար Ռուսաստանը»՝ 64, ՌԱԴԿ-ն՝ 56: Հինգերորդ գումարման Պետդումայում ՌԴԿԿ-ն ներկայացնում էին 57 պատգամավոր, ՌԱԴԿ-ն՝ 40, էսէռները՝ 38: -0-