ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ

07.10.2011, 10:45
ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ
ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը հետագայում ևս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերակատարության առավել ամրապնդմանը»,- ասված է ուղերձում:

ՀՀ նախագահը գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Պուտինի սևեռուն ուշադրության ներքո: «Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը և գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից և նպաստում Հարավային Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել իրենց միջև ստեղծված անձնական վստահելի և սերտ հարաբերությունները, որոնք, ըստ նախագահի, անկասկած, նպաստում են և կնպաստեն ի շահ երկու պետությունների ժողովուրդների կայացվող կարևոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը:

«Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երևանում և Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ գործունեության մեջ` ի շահ եղբայրական Ռուսաստանի:--0-