ԱՊՀ հատուկ ծառայություններն Ուկրաինայի զանգվածային օբյեկտներում ահաբեկությունների դիմակայության ծրագրեր կմշակեն

27.09.2011, 11:26
ԱՊՀ հատուկ ծառայություններն Ուկրաինայի զանգվածային օբյեկտներում ահաբեկությունների դիմակայության ծրագրեր կմշակեն

ԱՊՀ հատուկ ծառայությունները զանգվածային բնույթի օբյեկտներում ահաբեկությունների կասեցման համատեղ զորավարժություններ կանցկացնեն «Դոնբաս-Անտիտեռոր-2011» հակաահաբեկչական զորավարժությունների շրջանակներում, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 27-ից 30-ը` Դոնեցկում (Ուկրաինա), հաղորդել են ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) մամուլի ծառայությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՊՀ ՀԱԿ-ն Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համատեղ կանցկացնի նաև ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների և հատուկ ծառայությունների ղեկավար կազմի հավաք:
«Միջոցառումների մասնակիցներ կդառնան Համագործակցության 11 պետությունների, ԱՊՀ-ի ճյուղային համագործակցության մարմինների, միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՀՇԿ, Ինտերպոլ), ինչպես նաև մի շարք հեռավոր երկրների ներկայացուցիչներ»,- նշել են ԱՊՀ ՀԱԿ-ից:

«Զորավարժությունների շրջանակներում կանցկացվի համատեղ հրամանատարաշտաբային մարզում, որի ընթացքում Համագործակցության պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ներկայացուցիչները մարդկանց զանգվածային օբյեկտներում պատրաստվող ահաբեկությունների բացահայտման և կանխարգելման համատեղ միջոցառումների անցկացման հարցեր կմշակեն»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-