Ժիրինովսկին ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյին

22.04.2011, 19:15
Ժիրինովսկին ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյին

Ռուսաստանի Ազատական ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վ. Ժիրինովսկին ելույթ է ունեցել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Երեկոն կայացել է ապրիլի 20-ին Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տան դահլիճում։

«Ժիրինովկսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության, Հայաստանի և Թուրքիայի պատմության և ներկայիս փոխհարաբերությունների վերաբերյալ իր տեսակետները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի դեսպանության և «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին «Ջավախքի որդիք» կազմակերպությունը:

Երեկոյի մասնակիցների թվում էին` ՀՀ դեսպանության դիվանագետներ, Պետդումայի պատգամավորներ Ա. Բաղդասարովը և Կ. Լուկյանովան, Սևծովյան մերձկասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ. Զախարովը, հայ համայնքային տարբեր կազմակերպությունների («Ռուսաստանի հայերի միություն», «Ջավախքի որդիք», «Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիա», «Արցախի բարեկամներ») ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ցուցադրվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ։ Երեկոյի ավարտին հնչեց դասական երաժշտություն` Ա. Յուրլովի անվան Ռուսաստանի Պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ: -0-

Հայոց ցեղասպանության զոհերի օրը նշվում է ապրիլի 24-ին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-