ՄՕԿ-ի 2014 թ.-ի Ձմեռային խաղերի նախապատրաստման համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Քիլին բարձր է գնահատել Սոչիի Կրասնայա Պոլյանայում գտնվող «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային օլիմպիական կենտրոնի մակարդակը, որտեղ անցկացվում են առաջին միջազգային մրցումները՝ Լեռնադահուկային սպորտի Եվրոպայի գավաթը:
«Տպավորությունները շատ դրական են, ես երեք տարի այցելում եմ Սոչի, տեսել եմ, թե ինչպես է ամեն ինչ կառուցվել, և մի բան է տեսնել թղթի վրա, մեկ այլ բան՝ այցելել և տեսնել ամեն ինչ սեփական աչքերով», - ուրբաթ լրագրողներին ասաց Քիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այստեղ հիանալի, հոյակապ լանջեր են», - ավելացրել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Օլիմպիական խաղերին այս օբյեկտի պատրաստ լինելու մակարդակը՝ Քիլին նշել է, որ «փորձարկումներն անցկացվում են այդ ամենը գնահատելու համար»: «Մենք եկել ենք պատրաստվածության մակարդակը տեսնելու համար, և եթե որևէ բան հարկավոր լինի ավելացնել, ապա դա հնարավոր կլինի անել հենց այս մրցումներից հետո», - նշել է նա:
Մրցումները, որոնց կազմակերպիչը Ռուսաստանի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիան է, անցկացվում են փետրվարի 15-26-ը:-0-