Սոչիի քաղաքապետը ցանկանում է քաղաքը տեսնել բարեկարգ և հյուրընկալ

11.02.2011, 11:09
Սոչիի քաղաքապետը ցանկանում է քաղաքը տեսնել բարեկարգ և հյուրընկալ
Սոչիի քաղաքապետը ցանկանում է քաղաքը տեսնել բարեկարգ և հյուրընկալ
ՍՈՉԻ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը կարծում է, որ այս սևոծվյան հանգստավայրը պետք է լինի ամենաբարեկարգն ու հյուրընկալը:

«Սոչին Ռուսաստանի գլխավոր հանգստավայրն է, այդ պատճառով այն պետք է լինի ամենաբարեկարգն ու անվտանգը, հյուրընկալն ու հարմարավետը բնակություն հաստատելու և բիզնես գործունեություն ծավալելու համար: Մենք նաև պարտավոր ենք հոգ տանել շրջակա միջավայրի և սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների մասին: Օլիմպիական նախագծի իրագործումը նման հնարավորություն է ընձեռում Սոչիին», - ասել է Պախոմովը մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են նաև «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած պրես-տուրի շրջանակներում Սոչիում գտնվող ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողները:

Սոչիի քաղաքապետի խոսքերով՝ աննախադեպ կարճ ժամանակահատվածում գրեթե ամբողջովին փոխվում է քաղաքի կոմունալ, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքը, լուծվում է էներգիայի և բնական գազի դեֆիցիտի առանցքային խնդիրը, իրագործվում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Ջուբգա-Լազարևսկոյե-Սոչի» գազատարի կառուցումը, 19 էլեկտրակայանների, չորս ՋԷԿ-երի, մեկ ՀԷԿ-ի և բաշխիչ էլեկտրացանցերի փոփոխությամբ մեկ ՋԷԿ-ի կառուցման նախագծերը:

«Այս ամենի իրագործումը կապահովի ոչ միայն քաղաքի կենսապահովման ծառայությունների անխափան աշխատանքը, այլև հիմք կստեղծի քաղաքի զարգացման համար: Լուրջ վերակառուցման է ենթարկվում հանգստավայրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը», - ասել է Պախոմովը:

Սոչիի քաղաքապետի խոսքերով՝ օլիմպիական ծրագրից հանգստավայրը պետք է ժառանգի բարեկարգված քաղաքային միջավայր:-0-