Ռուսական ուղղվածությունը մնում է գլխավորը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ. դեսպան

07.02.2011, 14:37
Ռուսական ուղղվածությունը մնում է գլխավորը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական ուղղվածությունը մնում է գլխավորը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, Մոսկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Մոսկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դեսպանի հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 2-ին՝ Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի նախաձեռնությամբ:

«Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ռուսական ուղղվածությունը մնում է գլխավորը, առաջատարը, որոշիչը: Իշխանության բոլոր կառույցները զբաղվում են դրանով, շատ դրական բան կա», - մեջբերեցին Եսայանի խոսքերը Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնից:

Դեսպանի խոսքերով՝ միայն այս տարի ընդունվել է 11 միջպետական, միջգերատեսչական, միջմարզային համաձայնագիր, վեցը ներպետական համաձայնեցման փուլում են: Նա նաև նշել է, որ տեղի են ունեցել նախատեսված բոլոր նիստերը՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովների, այնպես էլ միջկառավարական:

Ինչպես նշել է դիվանագետը, ՌԴ ղեկավարի բարձրագույն կարգավիճակով առաջին պետական այցը տեղի է ունեցել Հայաստան:

Դեսպանի խոսքերով՝ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանում ծրագրվում է հանդիպում Ռուսաստանի բազմաթիվ շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

«Այս հանդիպումներն իրենց բնույթով և նշանակությամբ դառնում են ավելի նշանակալի: Ուրախալի է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ թիվ 1 երկիրը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով», - ասել է Եսայանը:

Ֆորումը հիմնադրվել է 2010 թ.-ին՝ Մոսկվայում հայկական սփյուռքի կազմակերպությունների և միավորումների միջև կայուն փոխհարաբերությունների հաստատման և ամրապնդման, ինչպես նաև հեռանկարային համատեղ նախագծերի քննարկման համար: Ֆորումում ներառված են Մոսկվայի և Մոսկվայի մարզի ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ, երիտասարդական ասոցիացիաներ և հայկական մշակութային-լուսավորչական միություններ:-0-