ԱՊՀ հատուկ ծառայությունները Մոսկվայում տրանսպորտում ահաբեկչությունների կանխման թեմայով խորհրդակցություն կանցկացնեն

27.01.2011, 17:40
ԱՊՀ հատուկ ծառայությունները Մոսկվայում տրանսպորտում ահաբեկչությունների կանխման թեմայով խորհրդակցություն կանցկացնեն
ԱՊՀ հատուկ ծառայությունները Մոսկվայում տրանսպորտում ահաբեկչությունների կանխման թեմայով խորհրդակցություն կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը (ՀՀԿ) փետրվարին ծրագրում է խորհրդակցություն անցկացնել, որի ընթացքում կքննարկվի ԱՊՀ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում ահաբեկչական ակտերի կանխմանն ուղղված իրավապահ մարմինների աշխատանքը, հինգշաբթի հաղորդում է ՀՀԿ-ի մամուլի բյուրոն:

«ԱՊՀ ՀՀԿ-ն համալիր կերպով վերլուծում է տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում Համագործակցության պետություններում իրականացվող միջոցառումները՝ ամփոփման և փորձի հետագա փոխանակման, ինչպես նաև համատեղ գործունեության հիմնական ուղղությունների մշակման համար», - մեջբերում է մամուլի բյուրոն կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովի խոսքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ կուսումնասիրվի և վերլուծության կենթարկվի միջազգային փորձը: ԱՊՀ երկրների հետ փորձով պատրաստ է կիսվել Ինտերպոլը:

2008 թ.-ին ԱՊՀ ՀՀԿ-ի և Ինտերպոլի միջև ստորագրված  փոխգործակցության հուշագրի հիման վրա Լիոնում գտնվող Ինտերպոլի կենտրոնակայանը պատրաստ է ԱՊՀ փորձագետներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրելու օտար երկրների իրավապահ մարմինների գործունեության ալգորիթմը ինչպես տրանսպորտում ահաբեկչական ակտերի կանխարգելման, այնպես էլ նմանատիպ հանցագործությունների բացահայտման ոլորտում, ասել է Նովիկովը:

«Փետրվարին ԱՊՀ ՀՀԿ-ն Մոսկվայում ԱՊՀ մասնակից-պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցություն կկազմակերպի, որի շրջանակներում նախատեսվում է առանձին քննարկել ԱՊՀ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում ահաբեկչական ակտերի կանխմանն ուղղված՝ իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների և պետական անվտանգության մարմինների համաձայնեցված գործողություններին վերաբերող հարցեր: Մշակված առաջարկները կներկայացվեն ԱՊՀ մասնակից-պետությունների իրավասու մարմիններին», - ասել է Նովիկովը:-0-