Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստ. թերթ

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ռուսական «Սպորտ էքսպրես» պարբերականի հոկտեմբեր ամսվա վարկածով ճանաչվել է հետխորհրդային տարածքի երկրների լավագույն ֆուտբոլիստ, չորեքշաբթի հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը:
Հանրահայտ ռուսական «Սպորտ էքսպրես» պարբերականը ամենամսյա քվեարկություններ է անցկացնում, և հոկտեմբերին Հենրիխ Մխիթարյանը հավաքել է 38,2 տոկոս ձայն՝ զգալիորեն առաջ անցնելով կոչման մյուս 6 հավակնորդներից:
Երկրորդ տեղը զբաղեցրած ռուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովը հավաքել է 29,5 տոկոս ձայն: Հավակնորդների թվում էին նաև Իգոր Ակինֆեևը, Յուրի Ժիրկովը, Անտոն Շունինը (բոլորն էլ ռուսաստանցի են), Դենիս Ալեյնիկը և Անատոլի Տիմոշչուկը (Ուկրաինա):
Թերթը նշում է, որ հոկտեմբերի հարցմանը մասնակցել է ավելի քան 15 հազար մարդ:
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թ.-ի հունվարի 21-ին Երևանում, նա լեգենդար հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է:
Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ» և Դոնեցկի «Մետալուրգ» թիմերում: Այս տարվա օգոստոսի 30-ից Մխիթարյանը պաշտոնապես սկսել է հանդես գալ Դոնեցկի «Շախտյորում»: Տրանսֆերի գումարը կազմել է 7,5 միլիոն դոլար, Հայաստանի համար սա ռեկորդ է:
Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:-0-