Ղրղզստանում չորեքշաբթի սուգ է հայտարարված՝ երկրի հարավում վերջին մի քանի օրվա իրադարձությունների հետևանքով զոհվածների համար: Ղրղզստանի հարավում գրանցվել էին զանգվածային անկարգություններ և էթնիկ բնույթի բախումներ, հայտարարել է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության նախագահ Ռոզա Օթունբաևան:
Նրա խոսքերը ներկայացված են Ղրղզստանի ժամանակավոր կառավարության պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետության հարավում տեղի ունեցած բախումների զոհ է դարձել 179 մարդ, 1,8 հազարից ավելին վիրավորվել է: Ենթադրվում է, որ այս տվյալները լիարժեք չեն, և անկարգությունների զոհերի իրական թիվն ավելի է: Հակամարտության մեջ ներգրավված շրջանները կարող էին լքել մինչև 100 հազար փախստական և բռնի տեղահանված:
Ղրղզների և ուզբեկների միջև բախումները սկսվեցին Ղրղզստանի հարավում գտնվող Օշ քաղաքում հունիսի 11-ի գիշերը: Հանրապետության ժամանակավոր կառավարությունը Օշ շրջանում արտակարգ դրություն է հայտարարել: Շաբաթ օրը անկարգությունները տեղափոխվեցին հարևան Ջալալ-Աբադի շրջան, որտեղ ևս արտակարգ դրություն է հայտարարվել:
Երեքշաբթի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ հանրապետության հարավում իրավիճակը կկարգավորվի, սակայն առկա է տուժածներին մարդասիրական բեռների մատակարարման հետ կապված խնդիրը:-0-