ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի փոխգործակցության մասին արձանագրությունը վավերացվել է ՌԴ Դաշնային խորհրդի կողմից

26.05.2010, 12:59
ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի փոխգործակցության մասին արձանագրությունը վավերացվել է ՌԴ Դաշնային խորհրդի կողմից
ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի փոխգործակցության մասին արձանագրությունը վավերացվել է ՌԴ Դաշնային խորհրդի կողմից

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Դաշնային խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է արտաքին սահմաններում ծագած ճգնաժամային իրավիճակները կարգավորելիս ԱՊՀ մասնակից-պետությունների սահմանային և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման մասին արձանագրությունն ու դրույթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթուղթը ստորագրվել է 2007 թ.-ի հոկտեմբերին Դուշանբեում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի (վերապահությամբ), Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարների կողմից:

Արձանագրության համաձայն՝ ԱՊՀ ամեն երկիր վաղօրոք սահմանում է (ընտրում) զորամիավորումներ, որոնք պետք է ներգրավվեն ճգնաժամային իրավիճակների կարգավորման կամ չեզոքացման խմբավորումների կազմի մեջ:

Սահմանային զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայությունը զբաղվում է արտաքին սահմաններում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության ամփոփմամբ: Ճգնաժամային իրավիճակի կարգավորման մասին որոշումն ընդունում են արձանագրության մասնակից-երկրների ղեկավարները, որոնք հաստատում են մանդատը և խմբավորումը անմիջականորեն ղեկավարելու համար խմբավորման հրամանատար են նշանակում:

Հրամանատարն իր հերթին սահմանում է միացյալ շտաբի կառուցվածքը, անձնակազմի, դրա ստորաբաժանումների խնդիրներն ու գործառույթները:

Սահմանային խմբավորման գործողությունների կարգը, ֆինանսավորման ու նյութատեխնիկական ապահովման չափերը որոշվելու են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից:

Փաստաթուղթն ընդլայնում է զորքերի խմբավորման կազմը՝ ոչ միայն սահմանային, այլև այլ գերատեսչությունների և իրավասու մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Դրույթում ամփոփված են զորքերի խմբավորման կազմում գտնվող զորամիավորումների համատեղ նախապատրասման հարցում ուղարկող և ընդունող կողմերի փոխադարձ պարտավորությունները, այդ թվում նաև՝ մարզումները, հրամանատարաշտաբային և օպերատիվ-տեխնիկական զորավարժությունները:

Ընդունող կողմն իր հերթին իր տարածքում ապահովում է խմբավորման բնակեցման պատշաճ կարգավիճակը, խմբավորման կազմում գտնվող անձանց իրավական դրությունը:

Անձնակազմն ունի գործառութային իմունիտետ և ազատվում է ընդունող կողմի իրավասությունից: Սակայն դա չի ազատում զինծառայողներին իրավախախտումների դեպքում քրեական հետապնդումից:

Փաստաթուղթը բաց է այլ պետությունների մասնակցության համար: Յուրաքանչյուր կողմ կարող է դուրս գալ արձանագրությունից՝ պահպանելով հաստատված ընթացակարգերը: Միաժամանակ համաձայնագրից դուրս գալը չի ազատում պետությանը ավելի վաղ իր վրա վերցրած ֆինանսական պարտավորություններից:

Բելառուսը արձանագրությունը ստորագրել է վերապահությամբ, որի համաձայն՝ Մինսկը իր տարածքից դուրս չի ուղարկելու սահմանային և այլ զորամիավորումներ:-0-