Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման փորձերն անթույլատրելի են. Հայաստանի նախագահ

09.04.2010, 10:40
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման փորձերն անթույլատրելի են. Հայաստանի նախագահ
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման փորձերն անթույլատրելի են. Հայաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անթույլատրելի է համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման փորձերը:

Այս մասին նշվում է Մոսկվայում կայացած «Ֆաշիզմի նկատմամբ 1945 թ.-ին տարած հաղթանակը. նրա նշանակությունը ԱՊՀ և աշխարհի ժողովուրդների համար» թեմայով միջազգային կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահի ողջույնի խոսքում:

«Մեր սուրբ պարտքն է պահպանել և փայփայել հիշողությունը այն փառավոր Հաղթանակի մասին, որը ձեռք է բերվել նման հսկայական ջանքերի շնորհիվ մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմում», - ասվում է Սարգսյանի ուղերձում, որը մեջբերում է ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահի խոսքերով՝ անընդունելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության և արդյունքների վերանայման փորձերը:

«Չկա և չի կարող լինել որևէ արդարացում ֆաշիզմի և նացիզմի անմարդկային գաղափարախոսության համար, որոնք մարդկանց  բաժանեցին ըստ ազգային և ռասսայական պատկանելության՝ հիմնավորելով ցեղասպանությունն ու մարդկության դեմ գործած մյուս բոլոր հանցագործությունները», - նշել է ՀՀ նախագահը:

«Մենք միշտ հիշելու և հպարտանալու ենք նրանով, որ հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում իր անունն օծեց անմահ փառքով՝ իր արժանի ներդրումը կատարելով ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի գործում», - ասվում է տեղեկատվության մեջ:

Կոնֆերանսն անցկացվել է «Մենք հաղթել ենք միասին» նշանաբանի ներքո՝ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության շրջանակներույմ և 1941-1945 թթ.-ի Հայրենական մեծ պատերազմի 65-րդ տարեդարձի նախապատրաստման և տոնակատարության հիմնական միջոցառումների միջպետական ծրագրին համապատասխան:-0-