«Պարկ Կուլտուրի» մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի հեղինակը, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչ-մահապարտուհի է եղել. աղբյուր

Որոշվել է պայթուցիկ սարքի տեսակը, որը երկուշաբթի գործի է դրվել «Պարկ Կուլտուրի» մետրոյի կայարանում գնացքի վագոններից մեկում: Պայթյունի հեղինակը, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչ-մահապարտուհի է եղել, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:
«Նախնական տվյալների համաձայն՝ «Պարկ Կուլտուրի» մետրոյի կայարանում գտնվող վագոնում գործի է դրվել առանց թաղանթի պայթուցիկ սարք, որի հզորությունը համարժեք է եղել 500գր -2 կգ տրատիլի: Դեպքի վայրի զննումը վկայում է այն մասին, որ ռումբը գործի է դրվել 100-120 սմ բարձրության վրա և, ամենայն հավանականությամբ, ամրացված է եղել ահաբեկիչ-մահապարտի մարմնին: Դեպքի վայրում գտնված ահաբեկչի մարմնի մասերը թույլ են տալիս ենթադրել, որ նա կին է եղել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: Քննիչները վերցնում են մետրոյի վագոնում գտնվող նմուշները հետագա փորձաքննություն անցկացնելու նպատակով: Աղբյուրը նշել է նաև, որ ահաբեկչության հետևանքով զոհվածների մեծամասնությունը երիտասարդներ են:
Երկուշաբթի Մոսկվայի մետրոյում մոտավորապես կես ժամվա տարբերությամբ «պիկ ժամին» երկու պայթյուն է տեղի ունեցել: Առաջինը՝ «Լուբյանկա», երկրորդը՝ «Պարկ Կուլտուրի» կայարաններում: Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:-0-