Ռուսաստանի ԱԳՆ-ն դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների զարգացումը

11.03.2010, 19:08
Ռուսաստանի ԱԳՆ-ն դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների զարգացումը
Ռուսաստանի ԱԳՆ-ն դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների զարգացումը

Մոսկվան դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքը, հինգշաբթի Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոտին»։ 

«Մենք բանակցությունների ընթացքը նորմալ ենք գնահատում։ Շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների՝ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող աշխատանքային առաջարկությունների քննարկումը, որոնք փոխանցվեցին հակամարտության կողմերին մոտ երկու ամիս առաջ և ստացան «նորացված մադրիդյան փաստաթուղթ» անվանումը»,- ասաց Նեստերենկոն։

Ըստ նրա՝ ներկայումս միջնորդները հետևում են կողմերի արձագանքին այս առաջարկությունների կապակցությամբ։

Նախորդ շաբաթ, ինչպես նշեց Նեստերենկոն, միջնորդները հանդիպել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի  հետ, իսկ հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի արտգործնախարարին։

Նեստերենկոն նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը պետք է դիտարկվի այս օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։

Դիվանագետը նշեց, որ մարտի վերջին-ապրիլի սկզբին Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու՝ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու նպատակով։ -0-