ՏՎ ԱՐՄԵՆԻԱ ՌՈՒ հայկական հեռուստաալիքը մարտի 1-ին փորձնական եթեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՏՎ ԱՐՄԵՆԻԱ ՌՈՒ հայկական հեռուստաալիքը մարտի 1-ին փորձնական եթեր կիրականացնի, տեղեկացրեցին Ռուսաստանում առաջին հայկական հեռուստաալիքի կազմակերպիչները Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի hայերի միությունից, հանդիպման ընթացքում կազմակերպիչները դեսպանին ներկայացրեցին վերը նշված նախագիծը, հիմնավորեցին հեռուստաալիքի ստեղծման անհրաժեշտությունն ու ծանոթացրեցին նրան իրականացրած աշխատանքի արդյունքների հետ:
Նշվեց, որ ներդրումների շնորհիվ՝ ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ստուդիա, և ձևավորվում է պրոֆեսիոնալ թիմ:
Օլեգ Եսայանը ողջունեց նախագծի կազմակերպիչների նախաձեռնությունն ու մաղթեց նրանց լիարժեք եթեր ծրագրված ժամկետներում՝ նշելով, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունն իր կողմից անհրաժեշտ օգնությունը կցուցաբերի ՏՎ ԱՐՄԵՆԻԱ ՌՈՒ հեռուստաալիքին:
«ՏՎ Արմենիա ռու»-ն միջին մակարդակի ժամանակակից, թվային հեռուստաալիք է, որն ազդանշան է փոխանցում արբանյակային, մալուխային և ինտերնետ ցանցերին (Մոսկվայում դրանց թիվը մոտավորապես 10 է, Ռուսաստանի մարզերում՝ 200-ը):
Հեռուստաալիքի հիմնական խնդիրներն են Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև այլ երկրներում բնակվող հայերի հասարակական, մշակութային, քաղաքական և տնտեսական կյանքի օպերատիվ լուսաբանումը, ինչպես նաև միասնական տեղեկատվական կամրջի ստեղծումը, որը միավորում է հայերի հասարակական հետաքրքրությունները ողջ աշխարհում:
Հեռուստաալիքը ծրագրում է հեռարձակել լրատվական, սոցիալական, կրոնական, զվարճալի և երաժշտական ծրագրեր: Թեմատիկ բաժինների թվում կարելի է նշել նաև վավերագրական, ճանաչողական, հեղինակային, վերլուծական ծրագրերը:
Ընկերության հեռուստածրագրերի ցանցում կընդգրկվեն նաև տնտեսական, ֆինանսական, մարզական, երիտասարդական թեմաներն արծարծող ծրագրեր, ինչպես նաև նախատեսված է ցուցադրել ֆիլմեր, թատերական բեմադրություններ, ռուսաստանցի հայազգի հայտնի մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ հարցազրույցներ:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի տարածքում բնակվող 143 միլիոն մարդուց 2,5 տոկոսը հայեր են: --0—