Ադրբեջանում Վրաստանի նորանշանակ դեսպանը հրաժարական է տվել՝ չմեկնելով Բաքու. ԶԼՄ

28.01.2010, 17:23
Ադրբեջանում Վրաստանի նորանշանակ դեսպանը հրաժարական է տվել՝ չմեկնելով Բաքու. ԶԼՄ

Ադրբեջանում Վրաստանի նորանշանակ դեսպան Վանո Նոնիաշվիլին հրաժարական է տվել՝ չմեկնելով Բաքու, հինգշաբթի տեղեկացնում է Բաքվի 1news տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին։

Հաղորդագրությունում ասվում է, որ Նոնիաշվիլիին դեսպանի պաշտոնում հաստատած վրաց խորհրդականները չգիտեն նրա հրաժարականի պատճառները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 «Դեռևս Ադրբեջան մեկնելուց առաջ, հունվարի սկզբին նա սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել»,- հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Իյա Մախարաշվիլին՝ մեկնաբանելով Նոնիաշվիլիի հրաժարականի մասին տեղեկատվությունը։

Ըստ նրա՝ ներկայումս տվյալ պաշտոնի հարմար թեկնածու չկա։ Վրաստանի խորհրդարանը Նոնիաշվիլիին Ադրբեջանում Վրաստանի Արտակարգ և Լիազոր դեսպանի պաշտոնում է նշանակել 2009 թվականի նոյեմբերի 17-ին։

2004-2006 թվականներին Նոնիաշվիլին եղել է երկրի նախագահի ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի կազմակերպչական բաժնի պետ։ Իսկ 2006 թվականից զբաղեցրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնը։ -0-