Մեդվեդևը Պետդումա է ուղղել ՌԴ սահմաններից դուրս բանակի օգտագործման մասին օրինագիծը

10.08.2009, 16:59
Մեդվեդևը Պետդումա է ուղղել ՌԴ սահմաններից դուրս բանակի օգտագործման մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Պետդումա է ուղղել երկրի սահմաններից դուրս Զինված ուժերի կիրառման կարգի վերաբերյալ օրինագիծը։

«Դա կապված է մեկ տարի առաջ տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ»,- պարզաբանեց պետության ղեկավարը՝ նկատի ունենալով Վրաստանի ագրեսիան Հարավային Օսեթիայի նկատմամբ 2008 թվականի օգոստոսին։ «Այդ հարցերը պետք է հստակ կանոնակարգում ունենան»,- նշել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չէինք ցանկանա, որ այդ իրադարձությունները կրկնվեն, բայց հստակ կանոնակարգում պետք է ունենալ»,- ավելացրեց նախագահը։

Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։Ռուսաստանը, պաշտպանելով խաղաղ բնակիչներին, որոնցից շատերը ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք էր մտցրել հանրապետություն և հինգ օր տևած ռազմական գործողություններից հետո դուրս էր հանել վրացական զինվորականներին տարածաշրջանից: 2008թ. օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը:

Նախագահն առաջարկեց կուսակցությունների ղեկավարներին քննարկել մեկ տարվա վաղեմության իրադարձությունները և վրացական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանի և աշխարհի համար։ Ըստ նրա, այդ դեպքերը ճիշտ է քննարկել հենց Կովկասում։

Մեդվեդևն առաջարկեց նաև անդրադառնալ այլ, մասնավորապես, տնտեսական և սոցիալական հարցերի։ -0-