Երևանի պետական համալսարանի լուսային ճառագայթման աղբյուրը հետաքրքրել է աշխարհի ավելի քան 45 ինստիտուտների
Երևանի պետական համալսարանի Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնը (CANDLE) ավելի քան 100 առաջարկներ է ստացել Հայաստանի և այլ երկրների գիտական խմբերից, ինչպես նաև աշխարհի ավելի քան 45 ինստիտուտներից:
Այս մասին «ՍԻՆ-Նանո-2009» նյութերի և նանոհամակարգերի հետազոտման ժամանակակից մեթոդների ԱՊՀ երիտասարդ գիտնականների երկրորդ Բարձրագույն դասընթացների ընթացքում հայտնեց ԵՊՀ-ին առնթեր «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» ԳՀԻ կրտսեր գիտաշխատող Տիգրան Մկրտչյանը:
Մկրտչյանի խոսքերով՝ CANDLE կենտրոնը թույլ կտա համաշխարհային մակարդակի բարձրացնել ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, բնապահպանության, նյութաբանության, դեղագործության և նանոէլեկտրոնիկայի ոլորտի հետազոտությունները:
«CANDLE նախագիծը ճառագայթման աղբյուր է երրորդ սերնդի արագացնող-կուտակիչ համալիրի հիման վրա 2 մլրդ էլեկտրոնվոլտ էլեկտրոնների էներգիայով»,- Մկրտչյանի խոսքերը մեջբերեց ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:
Մկրտչյանը նշեց, որ համալիրը թույլ է տալիս ալիքների երկարության լայն դիապազոնում՝ ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգեն, հզոր բացառիկ լուսային հոսքի ավելի քան 60 ալիք ունենալ:
Ներկայումս աշխարհում գործում են լույսի ավելի քան 40 աղբյուրներ, որոնք հիմնականում տեղակայված են ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում:
«Նանոհամակարգերի սինխրոտրան և նեյտրոնային հետազոտություններ» («ՍԻՆ-նանո-2009») նյութերի և նանոհամակարգերի հետազոտման ժամանակակից մեթոդների՝ ԱՊՀ երկրների բուհերի ավագ կուրսերի ուսանողների և ասպիրանտների, ինչպես նաև երիտասարդ գիտնականների երկրորդ Բարձրագույն դասընթացները բացվել են հունիսի 30-ին ԱՊՀ անդամ-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Դրանք անցկացվում են «Կուրչատովսկի ինստիտուտ» ռուսական գիտական կենտրոնի և Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի (ք. Դուբնա) բազայի հիման վրա՝ «ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնի ստեղծում» ֆորումի շրջանակներում:
Մինչև հուլիսի 13-ը ընթացող դասընթացներին կմասնակցեն ավելի քան 60 տաղանդավոր երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և Համագործակցության 11 երկրների ավագ կուրսերի ուսանողներ: Դասընթացների մասնակիցների տարիքային կազմն է 20-37 տարեկան: -0-