Միլիցիայի աշխատակիցները Հայաստանի բնակչին կասկածում են Մոսկվայի շուկայում կեղծ գումար իրացնելու մեջ

02.06.2009, 16:02
Միլիցիայի աշխատակիցները Հայաստանի բնակչին կասկածում են Մոսկվայի շուկայում կեղծ գումար իրացնելու մեջ
Միլիցիայի աշխատակիցները Հայաստանի բնակչին կասկածում են Մոսկվայի շուկայում կեղծ գումար իրացնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Միլիցիայի աշխատակիցները Հայաստանի բնակչին կասկածում են Մոսկվայի Զելենոգրադի վարչական օկրուգի ապրանքի շուկայում կեղծ 1000 ռուբլիանոց թղթադրամներ իրացնելու մեջ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց Զելենոգրադի ՆԳՎ մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժին սկսեց տեղեկատվություն գալ այն մասին, որ ժամանակ առ ժամանակ Զելենոգրադ են գալիս մի խումբ մարդիկ Խորհրդային միության նախկին միութենական հանրապետություններից կեղծ թղթադրամներ իրացնելու նպատակով»,- նշել են ՆԳՎ-ում։

Տվյալ տեղեկատվության ճշտման ընթացքում հաստատվել է, որ դրանք ՀՀ քաղաքացիներ են, ասվում է հաղորդագրության մեջ։

«Նրանք ժամանում են Զելենոգրադ, որտեղ քաղաքի շուկաներում, գնելով տարբեր ապրանքներ, վճարում են կեղծ 1000 ռուբլիանոց թղթադրամներով։ Այսպիսով, նրանք իրականացրել են խոշոր դրամական գումարների իրացում»,- հստակեցրել են մամուլի ծառայությունում։

Օպերատիվ խմբի աշխատակիցները կեղծ դրամների իրացման կասկածով մայիսի 29-ին ձերբակալել են Հայաստանի 33-ամյա բնակչի։ Խուզարկման ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են 4 կեղծ հազար ռուբլիանոց թղթադրամներ, ասվում է հաղորդագրության մեջ։  

Հետագայում շուկայի տարածքում օպերատիվ խմբի աշխատակիցները հայտնաբերեցին մի քանի տուժածի, որոնք ապրանքի դիմաց ստացել էին կասկածելի թղթադրամները, որոնց կեղծ լինելը միանգամից չեն նկատել։ 

«Կասկածյալը վստահեցնում է, որ իր դրամի կեղծ լինելու մասին գաղափար անգամ չի ունեցել։ Նա աշխատում է շինարարական շուկայում և ասում, որ հնարավոր է, գնորդներից որևէ-մեկն է վճարել կեղծ փողով»,- նշում են ՆԳՎ-ում։

Այդուհանդերձ, կասկածյալի հանդեպ հարուցված է քրեական գործ ՌԴ ՔՕ 186 հոդվածով (կեղծ դրամների կամ արժեթղթերի պատրաստում կամ իրացում), որի համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է։

Ներկայումս տղամարդը գտնվում է կալանքի տակ։ Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։ -0-