Մայիսի 28-31-ը Ուլյանովսկի մարզում Հայաստանի օրեր կանցկացվեն

26.05.2009, 16:44
Մայիսի 28-31-ը Ուլյանովսկի մարզում Հայաստանի օրեր կանցկացվեն

Մայիսի 28-31-ը ՌԴ Ուլյանովսկի մարզում Հայաստանի օրեր կանցկացվեն, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ հղում անելով Ուլյանովսկի մարզի տեղական ինքնակառավարման պաշտոնական կայքին։

«Ծրագրվում է, որ միջոցառմանը կմասնակցեն մարզպետ Սերգեյ Մորոզովը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ինչպես նաև ՌԴ ու ՀՀ դաշնային պետական կառույցների մի շարք ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Ուլյանովսկի մարզում Հայաստանի օրերի ծրագրում մի շարք միջոցառումներ են նախատեսվում տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտում։ ՀՀ ներկայացուիչները կծանոթանան Ուլյանովսկի մարզի ներդրումային ու տնտեսական ներուժին, նավահանգստային հատուկ տնտեսական գոտու և «Զավոլժյե» արդյունաբերական գոտու օբյեկտներին։

Ուլյանովսկի մարզի Առևտրաարդյունաբերական պալատում կանցկացվի կլոր սեղան՝ ՀՀ և Ուլյանովսկի մարզի բիզնես ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ծրագրվում է համագործակցության հարցերի քննարկում։ Այնտեղ կկազմակերպվի նաև Պայմանագրերի բորսա։

Ենթադրվում է, որ Ուլյանովսկի մարզում Հայաստանի օրերի շրջանակներում կկայանա Ուլյանովսկի մարզի և ՀՀ Շիրակի մարզի միջև մտադրությունների արձանագրության, ինչպես նաև Ուլյանովսկի մարզի առևտրաարդյունաբերական պալատի և ՀՀ արդյունաբերողների միության միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում։

Մայիսի 29-30-ին Լենինյան հուշակենտրոնում կկայանա Հայաստանում արտադրվող ապրանքների ցուցահանդես, որին կմասնակցեն հայկական ընկերություններ ու մարզի հայկական սփյուռքը ներկայացնող ընկերություններ։

Մշակութային ծրագրի շրջանակներում կկայանա հայկական կինոյի փառատոն, ՀՀ ազգային խոհանոցի փառատոն, կանցկացվի հայկական համույթների համերգ, հանդիպումներ երիտասարդության հետ, Դիմիտրովգրադ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի համար գրքերի հանձնման արարողություն։ -0-