Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի վարժանքները դաշինքի քաղաքական դեմարշն են. ԱՊՀ ՊՆԽ

18.04.2009, 14:15
Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի վարժանքները դաշինքի քաղաքական դեմարշն են. ԱՊՀ ՊՆԽ

ԱՊՀ մասնակից-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկին ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում կայանալիք վարժանքները Հյուսիսատլանտյան դաշինքի «քաղաքական դեմարշ է» համարում և անհանգստության առիթ չի տեսնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՆԱՏՕ-ի հովանու ներքո Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09 բազմազգ վարժանքները կանցկացվեն Վրաստանում մայիսի 6-ից հունիսի 1-ը, որոնց կմասնակցի շուրջ 1,3 հազ. զինծառայող Դաշինքի և գործընկեր 19 երկրներից։ Վարժանքները ռազմաշտաբային են և կանցկացվեն առանց զենքի և ռազմական տեխնիկայի կիրառման։

«Դրանք զորավարժություններ չեն, որևէ սարսափելի բան այնտեղ չի լինի։ Դրանք մեթոդական պարապմունքներ, մեթոդական հավաքներ են։ Մի խոսքով՝ դա քաղաքական դեմարշ է ՆԱՏՕ-ի կողմից։ Չնայած Ռուսաստանի կողմից բացասական ընկալմանը՝ վարժանքները կանցկացվեն, և դրան անհրաժեշտ է հանգիստ վերաբերվել», - ասել է Սինայսկին շաբաթ օրը «Էխո Մոսկվի» ռադիակայանի եթերում։

Նա նշել է, որ կայանալիք վարժանքները պլանային են, և դրանց անցկացման մասին որոշումն ընդունվել է դեռևս 2008 թ.-ի օգոստոստին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձություններից առաջ։-0-