Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ մարտի 11-12-ը Բաքու կատարելիք այցի ընթացքում, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
«Անշուշտ, կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։ 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից ստորագրված եռակողմ Հռչակագրից հետո այդ ոլորտում նոր հնարավորություններ բացվեցին», - ասել է Նեստերենկոն։
Նրա խոսքերով, Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան խնդրի ուղղությամբ ինտենսիվ բանակցային գործընթացի շարունակությունը և կաջակցի դրան՝ որպես ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահ։
«Մեր սկզբունքային դիրքորոշումը անփոփոխ է։ Ելնում ենք այն փաստից, որ կարգավորման բանաձևի վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունն ընկած է ադրբեջանցիների և հայերի վրա», - նշել է Նեստերենկոն։
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ կլիներ աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի հակամարտության մեջ ներգրավված կողմերի համար, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռք բերման դեպքում՝ հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր։-0-