Մոսկվայում անցկացվում է 1489 թ.-ի հայկական բացառիկ Չորս Ավետարանների վերականգնմանը նվիրված ցուցահանդես

03.03.2009, 11:42
Մոսկվայում անցկացվում է 1489 թ.-ի հայկական բացառիկ Չորս Ավետարանների վերականգնմանը նվիրված ցուցահանդես
Մոսկվայում անցկացվում է 1489 թ.-ի հայկական բացառիկ Չորս Ավետարանների վերականգնմանը նվիրված ցուցահանդես

Մոսկվայում՝ Ռուսական պետական գրադարանի (ՌՊԳ) Արևելյան գրականության կենտրոնում փետրվարի 27-ից մարտի 10-ն անցկացվում է 1489 թվականի հայկական բացառիկ ձեռագրի՝ Չորս Ավետարանների վերականգնմանը նվիրված ցուցահանդես, հաղորդվում է ՌՊԳ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Վերականգնումը տեղի է ունեցել 2006-2007 թթ.-ին։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում անցկացվել է սնկաբանական հետազոտություն, ճշտվել է ձեռագրի ստեղծման տարեթիվը (մինչև վերականգնումը թվագրված էր 1486 թ.-ով), առանձնացնելուց հետո ավելացել է էջերի թիվը՝ 270-ից հասնելով 300-ի։

Ցուցահանդեսին ներկայացված ձեռագիրը զարդարված է 20 մանրանկարներով, 4 գլխազարդերով, 8 կանոնների աղյուսակով, 2 զարդանախշային աղյուսակներով, լուսանցքներում կա շուրջ 200 պատկեր։ Մանրանկարների թվում են՝ Ավետումը, Սուրբ Ծնունդը, Խորհրդավոր ընթրիքը և այլն։ Ենթադրվում է, որ մանրանկարները ստեղծվել են Վասպուրականում։

Վասպուրականի դպրոցը հայկական ժողովրդական, արևելյան և բյուզանդական ավանդույթների խառնուրդ է։ Մեծ հետաքրքրություն է առաջացնում կազմը, որը պատրաստված է մի քանի թղթե էջերից՝ հին եբրայերեն տեքստի հատվածներով։

Ավետարանը 1951 թ.-ին է ստացվել ձեռագրերի բաժին շատ վատ վիճակում։ Պահպանվել էր միայն կազմը, մաշված էջերը, իսկ գրքի էջերի մեկ երրորդը չէր բաժանվում իրարից։

Միայն 2001 թ.-ին հնագույն ավանդույթի ձեռագիր գրքերի նկարագրության բաժանմունքի ղեկավար Իվան Լևոչկինը ուշադրություն դարձրեց այդ մատյանին։ Նրա ջանքերի շնորհիվ ձեռագիրը ներառվեց հայկական ձեռագրերի ֆոնդում, ստացավ նկարագրություն և համարակալվեց։

Սակայն միմյանց կպած էջերը մնում էին անմատչելի։ 2005 թ.-ին Վերականգնման գիտահետազոտական պետական ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ՝ Իննա Մոկրեցովայի գլխավորությամբ, սկսեցին գիտական ուսումնասիրությունը, էջերի առանձնացմանն ու Ավետարանի թղթե հատվածի վերականգնումը։-0-