Մեդվեդևը ՌԳԱ ակադեմիկոս Աշոտ Սարկիսովին շնորհավորել է 85-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ատոմային էներգետիկայի ոլորտի գիտնական, ՌԳԱ ակադեմիկոս Աշոտ Սարկիսովին շնորհավորել է 85-ամյակի կապակցությամբ, ուրբաթ հաղորդում է Կրեմլի կայքը։
«Ականավոր գիտնական, Դուք շատ մեծ գործ եք արել միջուկային էներգետիկայի զարգացման համար և հիրավի մեծ հեղինակություն եք վայելում ռուսական և համաշխարհային գիտական հանրության շրջանում»,- նշում է նախագահը շնորհավորական հեռագրում։
«Ձեր հետազոտությունները և տեխնիկական մշակումները նպաստել են հայրենական ատոմային նավատորմի ստեղծմանն ու կատարելագործմանը, իսկ ճառագայթային անվտանգության ապահովման առաջարկված մեթոդները այսօր ևս բարեհաջող կերպով կիրառվում են միջուկային վառելիքի թափոնների օգտահանության, վնասված օբյեկտների և տարածքների բնապահպանական վերականգնման համար»,-ասվում է երկրի ղեկավարի շնորհավորագրում։
Սարկիսովը ծնվել է 1924 թ.-ի հունվարի 30-ին, ավարտել Ֆելիքս Ձերժինսկու անվ. Բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը։ Նրա գիտական գործունեության գլխավոր ուղղությունը դինամիկ գործընթացների և միջուկային էներգետիկ սարքավորումների ավտոմատ վթարային պաշտպանության տեսությունն է։ 1994 թ.-ից ՌԳԱ իսկական անդամ է, ՌԳԱ Ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի տնօրինության խորհրդական։ --0--