ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են հակաօդային պաշտպանության միասնական համակարգի վերաբերյալ
ԱՊՀ մասնակից-երկրների պաշտպանության նախարաները պայմանավորվել են հակաօդային պաշտպանության միասնական համակարգի և օդում ահաբեկչության դիմակայության գործունեության վերաբերյալ, Բիշքեկում ԱՊՀ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) 54-րդ նիստի ավարտից հետո չորեքշաբթի հայտարարել է ՊՆԽ-ի նախագահ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը։
«Մենք քննարկել ենք ռազմական բնագավառում և ԱՊՀ պետությունների մինչև 2015 թ. ռազմական համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Մենք ձեռք ենք բերել բոլորի համար շահավետ բազմակողմ պայմանավորվածություններ՝ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի և օդում ահաբեկչության դիմակայության գործունեության ապահովման վերաբերյալ», - հայտարարել է Սերդյուկովը լրագրողներին։
Նա նշել է, որ պաշտպանության նախարարները նաև որոշում են ընդունել հաջորդ տարի ռազմական հրաձգության հետ միասին հակաօդային զորքի համատեղ զորավարժությունների՝ «Ռազմական համագործակցություն - 2009»-ի անցկացման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Բիշքեկում կայացած Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը «բավականին արդյունավետ» է գնահատել։
Ընդհանուր առմամբ ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական ոլորտում փոխգործակցությանն առնչվող ավելի քան 20 հարց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պատասխանելով լրագրողներին հարցերին՝ Սերյդուկովը տեղեկացրել է, որ ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարները միաձայն երկարացրել են Վրաց-աբխազական հակամարտության գոտում խաղաղության պահպանման հավաքական ուժերի հրամանատարի պաշտոնի լիազորությունները։ Սերդյուկովը նշել է, որ վրաց-աբխազական հակամարտության հարցը «նիստի ժամանակ այլ տեսանկյունից չի քննարկվել»։-0-