Ջորջ Բուշի վարչակազմը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին՝ նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ

08.01.2008, 12:30
Ջորջ Բուշի վարչակազմը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին՝ նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ

Ջորջ Բուշի վարչակազմը ողջունել է Վրաստանում նախագահական ընտրությունների ավարտը, որոնք պաշտոնական Վաշինգտոնը կայացած է ճանաչել՝ թեև միջազգային դիտորդները արձանագրել են  «զգալի խնդիրներ» և խախտումներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին՝ հունվարի 5-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ», - ասվում է Վաշինգտոնում ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ, որում ընդգծվում է, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի, ինչպես նաև ԵԽԽՎ-ի կարծիքով, «Վրաստանի ընտրությունները, ըստ էության, համապատասխանել են ԵԱՀԿ և ԵՄ՝ ժողովրդավարական ընտրությունների պահանջների և չափորոշիչների մեծ մասին»։

«Մենք համաձայն ենք ԵՄ-ի և ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության այն կարծիքի հետ, որ այս ընտրությունները Վրաստանում առաջին  իսկապես մրցակցային նախագահական ընտրություններն էին», - ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Նրանում նաև նշվում է, որ «մասնակցությունը բարձր էր՝ չնայած վատ եղանակին»։

«Միջազգային դիտորդները զգալի խնդիրներ են արձանագրել, որոնք պետք է ուղղվեն, և մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ մինչև գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները ուսումնասիրել բոլոր պնդումներն ու խախտումները, ինչպես նաև աշխատել քաղաքական բոլոր ուժերի հետ՝ միջազգային դիտորդների կողմից արձանագրված խնդիրները և թերությունների վերացնելու ուղղությամբ», - ասվում է փաստաթղթում։

«Մենք կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին՝ աշխատել խաղաղ և պատասխանատու՝ ի բարօրություն ժողովրդավարական Վրաստանի։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Վրաստանի ժողովրդի հետ մեր համագործակցությունը շարունակելու հնարավորությանը, ինչպես ընտրված ղեկավարության, այնպես էլ ընդդիմության հետ՝ ժողովրդավարական բարեփոխումները ամրապնդելու և մեր երկու երկրների միջև ամուր փոխհարաբերությունները խորացնելու համար», - ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ։-0-