Կոսովոյի ճանաչումը ԱՊՀ երկրների խնդիրների ավտոմատ լուծում չի դառնա. ՌԴ ԱԳՆ

24.12.2007, 16:37
Կոսովոյի ճանաչումը ԱՊՀ երկրների խնդիրների ավտոմատ լուծում չի դառնա. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի անկախության ճանաչումը չի նշանակում հետխորհրդային  տարածքի չճանաճված հանրապետությունների կարգավիճակի հաստատման ավտոմատ որոշում, հայտարարեց ՌԴ արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը՝ երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիում» ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորության մեջ մենք նախադեպ ենք նշում, սակայն հիմնվում ենք միջազգային իրավունքի նորմերի և այս կամ այն հակամարտության մասնակիցների կոնկրետ դիրքորոշումների վրա։ Ամեն դեպքում, այստեղ ոչ ոք որևէ ավտոմատ համակարգ չի դիտարկում»,- ասաց նա։

Միաժամանակ Դենիսովը նշեց, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ընդունված որոշումը հաշվի կառնվի ԱՊՀ տարածքում չճանաչված պետական կազմավորումների հարցում։

«Իրավաբանական որևէ փաստարկ չի կարող համոզել վերոնշյալ  չճանաչված պետական կազմավորումների բնակիչներին, որ ինչ-որ մեկն իրենցից լավն է, ինչ-որ մեկը՝ վատը, ինչ-որ մեկն իրավունք ունի, մյուսը՝  ոչ։ Միջազգային հարաբերություններում ստեղծվում է լարվածության հերթական գոտին՝ ինչին էլ մշտապես ընդդիմացել է Ռուսաստանը»,- նշեց ՌԴ արտգործնախարարի առաջին տեղակալը։

Նա ավելացրեց, որ Վրաստանի տարածքում կոնֆլիկտային իրավիճակների լուծման որոնումը դեռևս իրականացվելու է՝ հիմնվելով ընդհանուր համաձայնության վրա։

«Մարդկության պատմությունը դեռևս չի գտել նմանատիւպ հակամարտությունների կարգավորման այլ միջոցներ, քան վստահության, հանդուրժողականության, տարբեր ոլորտներում համագործակցության և կարգավիճակի հանգուցալուծմանը քայլ առ քայլ մոտենալու միջոցները»,- ասաց Դենիսովը։ --0—