Վերջին հրաժեշտը երգչուհի Զառա Դոլուխանովայի հետ տեղի կունենա հինգշաբթի
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի առավոտյան Մոսկվայում՝ 90-ամյա հասակում վախճանված ականավոր երգչուհի Զառա Դոլուխանովայի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա հինգշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, «ՌԻԱ-Նովոստիին» հայտնել է Գնեսինների անվան ռուսական ակադեմիայի վոկալի ֆակուտետի դեկան Նատալյա Դմիտրիևան։
«Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ակադեմիայի համերգային դահլիճում, ժամը 11։00-ին»,-ասել է Դմիտրիևան։ Նրա խոսքերով, այն հարցը, թե որ գերեզմանոցում կթաղվի երգչուհին, առայժմ որոշված չէ։
Երգչուհու մասին Դմիտրիևան ասել է, որ նա «միակն էր կամերային երգեցողության մեջ, որը նման բարձունքների էր հասել։ Նա դարձավ արվեստում լենինյան, ինչպես նաև պետական մրցանակի առաջին դափնեկիրը»։
«Սակայն բացի երաժշտության մեջ նրա մեծությունից, նա հիանալի մարդ էր։ Ինչպես սովորաբար լինում է, որքան ավելի մեծ է մարդը, այնքան ավելի պարզ է, դա վերաբերում է հենց Զառա Ալեքսանդրովնային, որովհետև նա այնքան հմայիչ էր, այնքան բարյացկամ բոլորի նկատմամբ, շփման մեջ՝ անսովոր պարզ»,-հավելել է դեկանը։
Հատկապես հրաշալի էին, նրա խոսքերով, երգչուհու աչքերը. «մինչև վերջին օրերը նա զարմանալի լուսարձակող աչքեր ուներ։ Տարիքի հետ սովորակաբար աչքերը մի տեսակ խամրում են, իսկ նրա մոտ այդպես չէր»։
Նա պատմեց նաև, որ երաժշտականից բացի, Դոլուխանովան ուներ նաև գեղարվեստական կրթություն, նա նկարում էր։
«Վերջին տարում նա հիվանդ էր, 1,5-2 տարի առաջ նա դեռևս ամբիոնում էր, հետո տանն էր պարապում»,-ասաց նա։
Դմիտրիևան պատմեց, որ Դոլուխանովան հիանալի աշակերտներ ունի, որոնց թվում շատ են միջազգային մրցույթների դափնեկիրները։
Հայ երգչուհի (մեցո-սոպրանո) Զառա Դոլուխանովան ծնվել է 1918թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում։
Դոլուխանովան հինգ տարեկանից զբաղվել է երաժշտությամբ, դաշնամուրի դասեր է վերցրել։ 1933-1938թթ. նա ուսանել է Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի ջութակի դասարանում։
30-ականների վերջին Զառա Դոլուխանովան դարձել է Երևանի թատրոնի մեներգչուհին։ Նա մեներգել է բոլոր բեմադրություններում։ Դոլուխանովայի արտիստական գործունեությունը ներառում է 40 տարի։ Նա երգել է Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի լավագույն համերգային դահլիճներում։ Աշխարհի խոշորագույն երաժշտական կենտրոններում երգչուհին համերգներ է ունեցել պարբերաբար և մեծ հաջողությամբ։
1951թ.-ին ականավոր համերգա-կատարողական գործունեության համար նա արժանացել է Պետական պարգևի։ 1956թ.-ին Պոլ Ռոբսոնը Դոլուխանովային հանձնել է «Ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման գործում ունեցած կարկառուն ներդրման համար» պատվոգիրը, որը նրան էր շնորհել Խաղաղության համաշխարհային խորհուրդը՝ խաղաղության կողմնակիցների համաշխարհային շարժման տասնամյակի կապակցությամբ։
1990թ.-ին երգչուհին ստացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։ Նրա ստեղծագործության նկատմամբ անմար հետաքրքրության մասին է վկայում նաև այն, որ միայն 1990-1995թթ. «Մելոդիա», "Monitor", "Austro Mechana" և "Russian Disc" ընկերությունները թողարկել են նրա ութ CD-ները։
Զառա Ալեքսանդրովնան ունեցել է շուրջ 30 աշակերտ, որոնցից շատերն արդեն իրենք են դարձել մանկավարժներ։ Նա Գնեսինների անվան երաժշտության ռուսաստանյան ակադեմիայի պրոֆեսսոր էր, ակտիվորեն մասնակցում էր երաժշտական մրցույթների ժյուրիների աշխատանքին։
Դոլուխանովան եղել է ԽՍՀՄ-ում Մոխրոտիկի մեներգի առաջին կատարողը՝ Ռոսինիի համանուն օպերայում։
Կատարողական գործունեությունից բացի Դոլուխանովան լրջորեն զբաղվում էր գեղանկարչությամբ։–0-