Ռուսական զինվորներով վերջին շարասյունն վաղաժամկետ դուրս եկավ Վրաստանից
Վրաստանում ՌԴ ռազմական նախկին բազաների ունեցվածքով և ռուս զինվորներով վերջին շարասյունը հինգշաբթի Երևանի ժամանակով ժամը 01.10 դուրս եկավ Վրաստանի Բաթումի քաղաքից և ուղևորվեց դեպի Հայաստան, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղեկատվության ապահովման գծով օգնական, գնդապետ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսական զորքի ռազմական տեխնիկայի, զինամթերքի և նյութատեխնիկական միջոցների պաշարների դուրս բերումը Վրաստանից ավարտվեց վաղաժամկետ։ Շարասյունը, որպես համալրում, ուղևորվում է Հայաստանի Գյումրի քաղաքում գտնվող 102-րդ ռազմական բազա», - ասել է Կոնաշենկովը։
Շարասյունը բաղկացած է 34 վագոններից և հենահարթակներից, դուրս բերված ռազմատեխնիկական ունեցվածքի ընդհանուր քաշը շուրջ 200 տոննա է, պարզաբանել է գնդապետը։
«Նույն շարասյունով Հայաստան են մեկնել Անդրկովկասում ռուսական զորքի խմբի (ԱՌԶԽ) հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը և Վրաստանում գտնվող վերջին 12-րդ (ռուսական) ռազմական բազայի հրամանատար, գեներալ-մայոր Դանիլովը», - տեղեկացրել է Կոնաշենկովը։
Շարասյունով Հայաստան են մեկնում նաև ԱՌԶԽ-ի շուրջ 150 զինծառայողներ, որոնք ապահովել են Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների պատրաստումն ու ուղղարկումը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, պարզաբանել է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնականը։
«Հինգշաբթի երեկոյան շարասյունը պետք է ժամանի Գյումրիի 102-րդ ռուսական բազա», - ասել է Կոնաշենկովը։
Այսպիսով, այժմ Վրաստանում ռուսական զորքեր այլևս չկան, տեղեկացրել է հինգշաբթի լրագրողներին Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Ալեքսեյ Մասլովը։ «Այնտեղ մնում են միայն մեր խաղաղարարները.....Աբխազիայում.....և Հարավային Օսեթիայում», - ասել է նա։
Կոնաշենկովի խոսքերով, նոյեմբերի 13-ին Բաթումիում ՌԴ-ի 12-րդ ռազմական բազայի բոլոր ռազմական օբյեկտները, ինը զինվորական քաղաքները և այլ օբյեկտներ փոխանցվել են Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։
Բազայի փոխանցման ակտը ստորագրել են ԱՌԶԽ-ի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը և Վրաստանի պաշտպանութան փոխնախարար Բատու Քութելիյան, պարզաբանել է գնդապետ Կոնաշենկովը։ Բացի ակտերից, վրացական և ռուսական կողմերը ստորագրել են երեք հավելված, ըստ որոնց Վրաստանը չունի բազայի փոխանցման հետ կապված ոչ մի պահանջ։
2007 թ.-ին Վրաստանում տեղաբաշխված ռուսական ռազմական բազաներից երկաթուղային շարասյունով Ռուսաստանի տարածք է տեղափոխվել ավելի քան 500 միավոր տեխնիկա և շուրջ 2 հազ. տոննա նյութատեխնիկական ունեցվածք։ Բացի դրանից, 2007 թ.-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական բազա է տեղափոխվել Վրաստանում գտնվող ռազմական բազաների տեխնիկայով և նյութական միջոցներով բեռնված չորս շարասյուն։
Ըստ ռուսական բազաների դուրս բերման ժամկետների և կարգի մասին ռուս-վրացական համաձայնության՝ ծրագրվում էր 12-րդ բազայի դուրս հանումը ավարտել 2008 թ.-ի ընթացքում։ Ախալքալաքից 62-րդ ռազմական բազայի դուրս բերումը ավարտվել էր նշված ժամկետից շուտ՝ 2007 թ.-ի հոկտեմբերի 1-ի փոխարեն հունիսի վերջին։-0-