Մոսկվայի արևմուտքում անհայտ անձինք առևանգել են 25 տոննա մսով բեռնված մի մեքենա

28.08.2007, 13:01
Մոսկվայի արևմուտքում անհայտ անձինք առևանգել են 25 տոննա մսով բեռնված մի մեքենա

Մոսկվայի ոստիկանները փնտրում են կողոպտիչներին, որոնք նախօրեին՝ կեսօրին, առևանգել են 25 տոննա մսով բեռնված МАН ավտոսառնարանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի ՆԳԳՎ տեղեկատվության վարչության ներկայացուցիչը։

Երկուշաբթի ոստիկանություն է դիմել ավտոբեռնափոխադրող ընկերություններից մեկի վարորդը։ Նրա խոսքերով, Երևանի ժամանակով ժամը 15։00-ի սահմաններում Ռյաբինովյան փողոցի ավտոկանգառում երեք անհայտ անձինք, սպառնալով նրան ֆիզիկական հաշվեհարդարով, ձեռքից խլել են МАН ավտոմեքենայի բանալիները։

Կողոպտիչները վարորդին տարել են Մերձմոսկովյան Օդինցովյան շրջան, որտեղ նրան բաց են թողել և անհետացել բեռնատարով։

Բեռնափոխադրող կազմակերպության փաստաթղթերի տվյալներով, գողացված մսի արժեքը գնահատվում է 1,7 միլիոն ռուբլի։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում են գողացված մեքենայի և բեռի որոնողական աշխատանքները։

ՆԳԳՎ տվյալներով, ընդհանուր առմամբ անցած օրվա ընթացքում Մոսկվայում արձանագրվել է 326 հանցագործություն, որոնցից, «տաք հետքերով», բացահայտվել է 189-ը։ Արձանագրված իրավախախտումների թվում են երկու սպանություն (մեկը բացահայտված է), վեց ավազակային կողոպուտ (երեքը բացահայտված է), 176 գողություն (70-ը բացահայտված է), ավտոտրանսպորտի երեք առևանգում։ Գտնվել է 25 մեքենա։-0-