Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջը

26.07.2007, 12:51
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջը
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջը

Հուլիսի 25-ին Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է  Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու հետ. Այս մասին  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ  մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Հաղորդագրության համաձայն, ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է  վերջերս վրացի իրավապահների կողմից Վրաստանի սահմանի ապօրինի անցման, մեղադրանքով ՀՀ քաղաքացիների ձերբակալումների խնդրին: ԱԳ նախարարներն անդրադարձել են  նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման պայմանագրի վերաբերյալ բանակցություններին:

Հարեւան երկրների ԱԳ նախարարները քննարկել են  քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները քննարկել են  նաեւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել  միջազգային կազմակերպություններում գործակցության հարցերին:

Խոսելով տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին` նախարար Օսկանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացները եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Գելա Բեժուաշվիլին ներկայացրել է  Աբխազիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ վրացական կողմի մոտեցումներն ու Հարավային Օսիայի խնդրի միջազգայնացմանն ուղղված քայլերը:-0-