Սերժ Սարգսյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ

21.04.2018, 12:44
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ` երկրում անցկացվող բողոքի ակցիաների և ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ` երկրում անցկացվող բողոքի ակցիաների և ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է վարչապետի կայքը, հայտարարությունում նա նշել է, որ խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:

Загружается новость ... "Лево"

Սարգսյանի խոսքով, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ:

«Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա»,- նշվում է հայտարարության մեջ:

Սարգսյանն ասել է, որ խորապես մտահոգված է ծավալվող ներքաղաքական զարգացումներով, և, անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով, կոչ է արել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ:

«Դա պետք է անել անհապաղ»,- ավելացրել է նա, համոզմունք հայտնելով, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը: -0-