«Սա քաղաքական հետապնդում է». ձերբակալվել են ընդդիմադիր «Ադեկվադ» շարժման անդամները (ՎԻԴԵՈ)

09.06.2019, 16:41
«Ադեկվադ» ընդդիմադիր շարժումը նախօրեին հայտարարություն է տարածել ակտիվիստների ձերբակալության վերաբերյալ:
«Սա քաղաքական հետապնդում է». ձերբակալվել են ընդդիմադիր «Ադեկվադ» շարժման անդամները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ադեկվադ» ընդդիմադիր շարժումը նախօրեին հայտարարություն է տարածել ակտիվիստների ձերբակալության վերաբերյալ:

«Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է»,- ասվում է շարժման Facebook-ի էջում հրապարակած հայտարարությունում:

Այսպիսով, ինչպես նշում են հայտարարության հեղինակները, հերթական անգամ հաստատվել է այն փաստը, որ «ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից»։



Նշվում է, որ «այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները: Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի» ։

Այնուհետև «Ադեկվադ»-ի Facebook-ում նոր հրապարակում է հայտնվել, որում պահանջվում է պարզել այն մարդու ինքնությունը, ում ահազանգի հիման վրա ձերբակալվել են ակտիվիստները:

«Հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից «սևազգեստ» քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքը, հավանական ենք համարում, որ ահազանգը պայմանավորված է այդ սպառնալիքների հիման վրա առաջացած խտրականությամբ: Հնարավոր է նաև, որ ահազանգը շինծու է, և պայմանավորված է մեր քաղաքական գործունեությամբ»,-նշված է «Ադեկվադ» -ի հերթական հայտարարության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից երեքն ազատ են արձակվել, և նրանք տեսաուղերձ են տեսագրել:



Քիչ առաջ «Ադեկվադ»-ի Facebook-ում հայտնել է, որ կիրակի ժամը 16:00-ին մամուլի ասուլիս է հրավիրում` լուսաբացին կատարվածի մասին խոսելու համար: -0-