Ռուսական ռազմակայանից կորած զինծառայողը եղել է առանց զենքի ու համազգեստի

19.04.2017, 17:26
Շարունակվում է ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայող ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի հետախուզումը։  
Ռուսական ռազմակայանից կորած զինծառայողը եղել է առանց զենքի ու համազգեստի
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Շարունակվում է ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայող ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի հետախուզումը։

ՀՀ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել անհետ կորած ռուս զինծառայողի նկատմամբ>>

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասել է, որ կատարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ, իսկ ՀՀ քննչական վարչությունում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստում։ Գաբրիելյանը հաստատել է նաև, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, պայմանագրային զինծառայող Լոշմանովը եղել է առանց զենքի ու զինվորական համազգեստի:

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հայաստանում ռուս զինծառայողի կորուստը>>

«Մեր ունեցած տվյալներով, եղել է քաղաքացիական հագուստով՝ առանց զենքի: Իսկ այս պահին այլ բան ասել չեմ կարող, քանի որ որոնողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,- նշել է դատախազը՝ կոչ անելով գյումրեցիներին չանհանգստանալ:

«Անհանգստանալու առիթ ես չեմ տեսնում՝ անձը դուրս է եկել տանից՝ առանց զենքի ու համազգեստի»,- հավելել է Կարեն Գաբրիելյանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ կորած զինծառայողը Դմիտրի Լոշմանովն է։ Նա դուրս է եկել հանրակացարանից ապրիլի 16–ին, գնացել է գնումների և չի վերադարձել։ -0-