ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը նախատեսում է լուծել ՌԴ քաղաքացիների` ներքին անձնագրերով երկիր մուտք գործելու կազմակերպման բոլոր ընթացակարգերը: Համապատասխան հանձնարարականը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ հունվարի 24-ին Ռուսաստան կատարած նրա պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների ԱԳՆ-ները փոխանակվել են նոտաներով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան առանց արտասահմանյան անձնագրերի: Այս կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ՀՀ անվտանգության ծառայությանը ապահովել տեխնիկական հարցերի լուծումը:
«Լուծումները պետք է ներկայացվեն մինչև մարտի 1-ը, որ Ռուսաստանի քաղաքացիները կարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով», - ասաց Կարապետյանը:
Նա նաև հանձնարարեց Զբոսաշրջության պետական կոմիտեին մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կառույցների հետ ապահովել զբոսաշրջային փաթեթների լայն առաջարկներ ռուս զբոսաշրջիկների համար և մինչև մարտի 1-ը ներկայացնել կատարված աշխատանքի մասին զեկույցը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում