«Պաշտոնեական» կրքերը Հայաստանում թեժանում են

11.03.2016, 10:16
Իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը:
«Պաշտոնեական» կրքերը Հայաստանում թեժանում են
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Նույն աղբյուրները հայտում են, որ Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն և մասնավոր քննարկումների ժամանակ ասել է, թե դիմում կգրի ու կմնա Հայաստանում։

«Մեզ հայտնի դարձավ, որ հիմա էլ քննարկվում է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։ Վերջինս, ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ է համարվում և հասցրել է հյուպատոս աշխատելու շրջանում մի քանի սկանդալային պատմությունների մեջ ընկնել»,– գրում է թերթը։

Պարբերականի համաձայն, Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ամենայն հավանականությամբ, դեսպան կնշանակվի Հունաստանում։

«Այս պահին կարծես թե միանշանակ է, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ ՎՊ-ն, սակայն, կկոչվի Հաշվեքննիչ պալատ և կունենա բոլորովին այլ ֆունկցիաներ»,– գրում է թերթը։ -0-