Փաշինյանը գաղտնի կրկնապատկել է նախարարների և նրանց տեղակալների աշխատավարձերը

21.10.2019, 21:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էապես ավելացրել է նախարարների, նրանց տեղակալների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
Փաշինյանը գաղտնի կրկնապատկել է նախարարների և նրանց տեղակալների աշխատավարձերը
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի կարգադրությամբ այս տարվա հուլիսին էապես ավելացրել է նախարարների, նրանց տեղակալների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը, գրում է hetq.am–ը։

Տեղեկությունը ստուգելու համար լրատվամիջոցի խմբագրությունը գրավոր դիմել է երեք նախարարություն։ Մայիս–օգոստոսին աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ տրամադրած տեղեկության մեջ էական տարբերություններ աշխատողների հավասար թվի դեպքում չի եղել։ Հավելյալ երեք նախարարություն հարցում է ներկայացվել աշխատավարձերի, պարգևավճարների և աշխատավարձերին հավասարեցված միջոցների ծավալի վերաբերյալ։

«Օրինակ, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունիս, հուլիս, օգոստոսի համար ստացել է 6 մլն դրամ, նույնքան` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Եթե բաժանենք այդ թիվը 4 ամսվա, ապա կստանանք ամսական 1.5մլն–ական դրամ»,– նշված է հոդվածում։

Միաժամանակ, Ֆինանսների նախարարությունից հրաժարվել են ներկայացնել նախարար Ատոմ Ջանջուղազյանի աշխատվարձի մասին տեղեկություն` առաջարկելով սպասել նրա տարեկան հայտարարագրին։
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի մասին» օրենքի համաձայն, նախարարի աշխատավարձի գործակիցը կազմում է 12։ Այսինքն, նախարարի աշխատավարձը հաշվելու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձի 66 140 դրամով։ Ստացվում է 793 հազար 380 դրամ առանց հարկերը հանելու։ Սակայն առանց օրենսդրական փոփոխության գաղտնի կարգադրության հիման վրա աշխատավարձն ավելացել է կրկնակի և կազմել 1.5 մլն դրամ։

Նույն պատկերն է տեղակալների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։ Եթե օրենսդրության համաձայն փոխնախարարի աշխատավարձը կազմում է 562 հազար 160 դրամ, ապա այժմ վճարվում է 1 մլն 60 դրամ։ Գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 դրամից աճել է մինչև 870 հազար դրամ։

Պարբերականը գրավոր հարցում է ուղղել վարչապետին` հասկանալու համար կարգադրության գաղտնիության պատճառը։ Պատասխանը ստացվել է կառավարության ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանից։

«Ձեր բարձրացրած հարցը, ինչպես ինքներդ նշել եք, լուծվել է գաղտնի ընթացակարգով, համապատասխանաբար, հանրայնացման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ձեր նշած պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագրեր, ինչը ենթադրում է ամբողջ գործընթացի հանրայնություն և թափանցիկություն»,– պատասխանել է վերջինս։ -0-