Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել (ՎԻԴԵՈ)

08.10.2018, 20:28
Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրի տեքստը։
Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին ասվում է երկուշաբթի Փաշինյանի և Ծառուկյանի հանդիպման արդյունքներով ստորագրած հուշագրում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հուշագրում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:

Загружается новость ... "Право"

Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

«Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»,– ընդգծվում է հուշագրում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Փաշինյանը և Ծառուկյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները, այդ թվում` խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Նույն օրը Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։–0–



Տեսանյութը` «Ազատություն» ռ/կ