ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը զարգացման մանկական կենտրոն այցելելուց հետո իր
կայքում անդրադարձել է սխալ պատվաստումից տուժած մարդկանց կամ դրա հետևանքով հաշմանդամ դարձած անձանց խնդիրներին։
«Պատվաստանյութերի արտադրողների շուրջ տեսակետների ինչ–որ «խաչմերուկում» բախումներից բացի, լայնածավալ քննարկումների ապահովում, շոշափելի այլ արդյունքներ չեն երևում։ Նույնիսկ բժիշկներն այս հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն։ Շատերը չեն պատվաստում իրենց երեխաներին, մյուսները զգուշանում են սնդիկ և այլ ծանր մետաղներ պարունակող պատվաստուկներից, իսկ մյուս մասն էլ ընդհանրապես հրաժարվում է»,– նշել է Մանուկյանը։
Նա ընդգծել է, որ մինչ մարդկության «խելացի» մասը պատվաստուկների շուկայում բիզնես–շահեր է փնտրում, իսկ գիտնականներն «աղաղակող» և «լուռ» փորձեր են կատարում կենդանիների վրա, հարյուրավոր երեխաներ դառնում են սխալ պատվաստումների անդառնալի հետևանքների զոհ։
««Այբ–Բեն–Գիմ» զարգացման կենտրոնի` արտաքինից որևէ խնդիր չունեցող երեխաների տարբերությունը մյուս երեխաներից, առաջին հայացքից, զրոյական է։ Բայց նրանց արձագանքը պարերի, երգերի և արտաքին աշխարհի նկատմամբ տխրեցնում է և մտածելու առիթ տալիս։ Կենտրոնի տնօրենը նշում է, որ երեխաների մտավոր հետընթացը սխալ կամ անորակ պատվաստման հետևանք է, ինչն անհնար է ամբողջովին վերացնել շտկման կամ այլ միջամտության միջոցով։ Այս երեխաներից յուրաքանչյուրին փոքրիկ ուրախություն նվիրելը, ցավոք, ամենափոքր բանն է, ինչ կարելի է անել նրանց և նրանց ծնողների համար»,– ասել է Մանուկյանը։ -0-