ՄԻՊ–ն ուսումնասիրում է ԱԺ–ում լրագրողների նկատմամբ ուժի կիրառման միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը»,– նշվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։
Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ սահմանափակման մասին:
Մարտի 26–ին լրագրողները բողոքի ակցիա են կազմակերպել ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, որի ընթացքում նրանց նկատմամբ ուժ է կիրառվել, և ակցիան դադարեցվել է։
Նույն օրն ավելի վաղ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ԱԺ–ում նամակ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ վարչապետը՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, քննարկման առարկա կդարձնի իր և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը, գրում է «Ազատություն» ռ/կ–ն։
Նամակը ստորագրել է 161 լրագրող, պահանջում են Նիկոլ Փաշինյանից իր թիմակցի վարքը քննել:
Մարտի 20–ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը Ջեբեջյանից պահանջել է հեռու մնալ իրենից և «մաքրել շրթունքները»։