«Մենք շատ ուշադիր և զգոն ենք»․ Ավանեսյանը՝ Ռուսաստանում թոքային ժանտախտի կասկածով դեպքի մասին

07.10.2026, 18:59
Ռուսաստանում թոքային ժանտախտի կասկածով մահվան դեպքից հետո Հայաստանը հետևում է իրավիճակի զարգացմանը, ասել է Ավանեսյանը
«Մենք շատ ուշադիր և զգոն ենք»․ Ավանեսյանը՝ Ռուսաստանում թոքային ժանտախտի կասկածով դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանում թոքային ժանտախտի կասկածով մահվան դեպքից հետո Հայաստանը հետևում է իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կիրառել համապատասխան հսկողության միջոցներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը հայտնել է, որ լուրը հաղորդվելու առաջին իսկ պահից Հայաստանի առողջապահական համակարգն աշխատում է հանրային վտանգավորություն ներկայացնող վարակիչ հիվանդությունների և նման կասկածների դեպքում նախատեսված ընթացակարգերով

«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչպիսի տեղեկատվություն է հասանելի։ Մենք, հետևելով այս տեղեկատվության հաջորդիվ լրացմանը, ըստ աստիճանակարգի կկիրառենք անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հսկողություն, ջերմաչափում նրանց նկատմամբ, ովքեր գալիս են Հայաստան», - ասել է Ավանեսյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նա հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այս հարցում համագործակցում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` որպես այս ոլորտում գիտական և ուսումնական առումով ամենաօպերատիվ աշխատող կազմակերպություն։

«Մենք նաև ուղիղ պետք է աշխատենք և աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը և ամբողջովին պատրաստ լինելու»,– ասել է նախարարը։

Ավանեսյանը նշել է, որ եթե առկա տեղեկությունները և կասկածները հաստատվեն, ապա անհրաժեշտ միջոցառումները կկիրառվեն ըստ սահմանված աստիճանակարգի։

Նա ընդգծել է, որ թոքային ժանտախտը բավական ծանր հիվանդություն է, որը սերտ շփման պայմաններում կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով։

«Եթե ճիշտ ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, ապա դրա մահացության ռիսկը բավական բարձր է։ Մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,– ասել է նախարարը։

Ռուսաստանում ժանտախտի թոքային ձևի կասկածով մահվան դեպքի մասին

Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանում գրանցվել է մահվան դեպք՝ ժանտախտի թոքային ձևի կասկածով։ Մահացածը տեղի բնակչուհի է և ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժանտախտային ծառայության աշխատակից։

Վարակվածի հետ սերտ շփում ունեցած շուրջ 200 մարդ մեկուսացվել և հոսպիտալացվել է՝ հնարավոր վտանգը կանխելու նպատակով։

Նախնական վարկածի համաձայն՝ վարակումը կարող էր տեղի ունենալ լաբորատոր պայմաններում՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով, երբ կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող սրվակը։

ԸՍՏ ՀՎԿԱԿ-ի` մահվան վերջնական պատճառը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, համապատասխան լաբորատոր հետազոտություններն ու փորձաքննություններն ընթացքի մեջ են։