«ԼՍԴ» բլոտտերներ, հաշիշի յուղով մուշտուկներ, կանեփով քաղցրավենիքներ. Հայաստանում հայնաբերվել է մաքսանենգության խախտման 44 դեպք

14.08.2018, 20:19
Վերջին 2 ամիսների ընթացքում  հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք։
«ԼՍԴ» բլոտտերներ, հաշիշի յուղով մուշտուկներ, կանեփով քաղցրավենիքներ. Հայաստանում հայնաբերվել է մաքսանենգության խախտման 44 դեպք
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Դրանցից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով»,– ասվում է հաղորդման մեջ։

Նշվում է, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման 18 դեպքը բացահայտվել է փոստային առաքանիներում, իսկ 4 դեպքը՝ ՀՀ պետական սահմանը հատող անձանց մոտ կամ նրանց ուղեկցող ուղեբեռներում:

«Մասնավորապես, նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող 1841 դեղահաբ, «ԼՍԴ» տեսակի հալուցինոգեն թմրանյութի պարունակությամբ 11 բլոտտեր, էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հաշիշի յուղի պարունակությամբ 31 մուշտուկ, «կանեփ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ քաղցրավենիքներ, «մարիխուանա» և «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ»,– նշվում է հաղորդման մեջ։

Վերջին 2 ամիսներին մաքսային կանոնների խախտման 12 դեպքով հայտնաբերվել են սխալ հայտարարագրված, չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված 118 բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների 354 աքսեսուարներ, 5 կգ տարբեր տեսակի դեղամիջոցներ, 4,4 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, 43 կգ կենդանի խեցգետին, ինչպես նաև ՌԴ-ից ներմուծված 220 լիտր տարողությամբ 112 մետաղական տարա` ավտոմեքենաների քսայուղերի պարունակությամբ, որոնք, սակայն, հայտարարագրվել էին որպես քսայուղերի հավելանյութ` օրենքով սահմանված ակցիզային և բնապահպանական հարկերը չվճարելու նպատակով:

«Մաքսային կանոնների խախտման 10 դեպք հայտնաբերվել է նաև Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-