Կա՞, արդյոք, տարիքային խտրականություն ՀՀ–ում. կառավարությունը որոշում է ընդունել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հարցով

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հերթական նիստի ժամանակ հրաժարվել է հավանություն տալ Աշխատանքային օրենսգրքի 94–րդ հոդվածում նախատեսված լրացումներին, որոնք առաջարկել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Լրացումներով, մասնավորապես, առաջարկվում էր վերացնել աշխատողների տարիքային խտրականությունը։ Այսինքն, տարիքն այլ պատճառների բացակայության դեպքում չէր կարող դառնալ աշխատանքային պայմանագիր չկնքելու պատճառ։
«Առաջարկվող փոփոխություններն իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում Աշխատանքային օրենսգրքի 94–րդ հոդվածին։ Աշխատանքային գործունեության տեսակներին վերաբերող կարգավորումների համաձայն, աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակ` անորոշ և որոշակի ժամկետով», – ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով ներկայացնում էր նախագիծը։
Նրա խոսքով, կարգավորման սահմանումը միայն տարիքային հատկանիշով անընդունելի է, քանի որ հարկավոր է սահմանել խտրականության արգելք նաև այլ հատկանիշներով։
Նշվեց, որ Սահմանադրության 25–րդ հոդվածում ամրագրված է, որ խտրականությունը պետք է բացառվի։ Այդուհանդերձ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, աշխատաշուկայում մշտապես ֆիքսվում են կանխակալ վերաբերմունքի դրսևորումներ։
Դրան ի պատասխան` Բաթոյանը նշեց, որ նախարարությունն այս պահին մշակում է իմաստով նման օրինագիծ, որը, սակայն, հնարավորության սահմաններում ընդգրկում է խտրականության բոլոր տեսակները։–0–