Իրանական կողմին փոխանցվել է, որ ՊԲ-ն իրեն կարող է իրավունք վերապահել կործանիչ հարվածներ հասցնել ԻԻՀ սահմանային հատվածում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-ին

16.10.2020, 15:31
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ
Իրանական կողմին փոխանցվել է, որ ՊԲ-ն իրեն կարող է իրավունք վերապահել կործանիչ հարվածներ հասցնել ԻԻՀ սահմանային հատվածում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-ին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը:

Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:-0-